Menu

Հ․ Թումանյան․ «Բարեկենդանը»

February 26, 2023 - Մայրենի 4
Հովհաննես Թումանյան — Բարեկենդանը — Սեդա Վիրաբյան

Ժամանակով մի մարդ ու մի կնիկ են լինում։

Էս մարդ ու կնիկը իրար հավանելիս չեն լինում։

Մարդը կնկանն է ասում հիմար, կնիկը՝ մարդուն, ու միշտ կռվելիս են լինում։

Մի օր էլ մարդը մի քանի փութ եղ ու բրինձ է առնում, տալիս մշակի շալակը, տանում տուն։

Կնիկը բարկանում է․

— Ա՛յ, որ ասում, եմ հիմար ես, չես հավատում․ էսքան եղն ու բրինձը միանգամից ինչի՞ համար ես առել բերել․ հորդ քելեխն ես տալի՞ս, թե՞ տղիղ հարսանիքն ես անում։

— Ի՜նչ քելեխ, ի՜նչ հարսանիք, ա՛յ կնիկ, ի՜նչ ես խոսում, տար պահի, բարեկենդանի, համար է։

Կնիկը հանգստանում է, տանում է պահում։

Անց է կենում միառժամանակ, էս կնիկը սպասում է, սպասում է, բարեկենդանը գալիս չի։ Մի օր էլ շեմքումը նստած է լինում, տեսնում, է՝ մի մարդ վռազ-վռազ փողոցով անց է կենում։ Ձեռը դնում է ճակատին ու ձեն տալի․

— Ա՛խպեր, ա՛խպեր, հալա մի կանգնի։

Տղեն կանգնում է։

— Ա՛խպեր, բարեկենդանը դու հո չե՞ս։

Անցվորականը նկատում է, որ էս կնկա ծալը պակաս է, ասում է՝ հա՛ ասեմ, տեսնեմ ինչ է դուրս գալի։

— Հա՛, ես եմ բարեկենդանը, քույրիկ ջան, ի՞նչ ես ասում։

— Էն եմ ասում, որ մենք քո ծառան հո չե՞նք, որ քո եղն ու բրինձը պահենք։ Ինչ որ պահեցինք, հերիք չէ՞ր․․․ չես ամաչո՞ւմ․․․ Ընչի՞ չես գալի քո ապրանքը տանում․․․  — Դե էլ ինչ ես նեղանում, քույրիկ ջան, ես էլ հենց դրա համար եմ եկել, ձեր տանն էի ման գալիս, չէ՛ի գտնում։

— Դե արի տար։

Էս մարդը ներս է մտնում, սրանց եղն ու բրինձը շալակում ու կրունկը դեսն է անում, երեսը՝ դեպի իրենց գյուղը։

Մարդը գալիս է տուն, կնիկն ասում է․

— Հա՛, էն բարեկենդանն եկավ, իր բաները իրեն սևցրի, տարավ։

— Ի՞նչ բարեկենդան․․․ ի՞նչ բաներ․․․

— Ա՛յ էն եղն ու բրինձը․․․․ Մին էլ տեսնեմ՝ վերևից գալիս է․ մեր տանն էր ման գալի․ կանչեցի, մի լավ էլ խայտառակ արի, շալակը տվի, տարավ։

— Վա՛յ քու անխելք տունը քանդվի, որ ասում եմ՝ հիմար ես, հիմար ես, էլի․․․ Ո՞ր կողմը գնաց։

— Ա՛յ էն կողմը։

Էս մարդը ձի է նստում, ընկնում բարեկենդանի ետևից։ Ճանապարհին բարեկենդանը ետ է մտիկ անում, տեսնում է՝ մի ձիավոր քշած գալիս է։ Գլխի է ընկնում, որ սա էն կնկա մարդը պետք է լինի։

Գալիս է, հասնում իրեն։

— Բարի օր, ախպերացու։

— Աստծու բարին։

— Հո էս ճամփովը մարդ չի անց կացավ։

— Անց կացավ։

— Ի՞նչ ուներ շալակին։

— Եղ ու բրինձ։

— Հա՛, հենց էդ եմ ասում։ Ի՞նչքան ժամանակ կլինի։

— Բավականին ժամանակ կլինի։

— Որ ձին քշեմ, կհասնե՞մ։

— Ո՞րտեղից կհասնես, դու՝ ձիով, նա՝ ոտով։ Մինչև քու ձին չորս ոտը կփոխի՝ մի՜ն, երկո՜ւ, երե՜ք, չո՜րս, նա երկու ոտով մե՛կ-երկո՛ւ, մե՛կ-երկո՛ւ, մե՛կ-երկո՛ւ, շուտ-շուտ կգնա, անց կկենա։

— Բա ի՞նչպես անեմ։

— Ի՞նչպես պետք է անես, ուզում ես՝ ձիդ թող ինձ մոտ, դու էլ նրա պես ոտով վազի, գուցե հասնես։ — Հա՜, էդ լավ ես ասում։

Վեր է գալիս, ձին թողնում սրա մոտ ու ոտով ճանապարհ ընկնում։ Սա հեռանում Է թե չէ՝ բարեկենդանը շալակը բարձում է ձիուն, ճամփեն ծռում, քշում։

Էս մարդը ոտով գնում է, գնում է, տեսնում է՝ չհասավ, ետ է դառնում։ Ետ է դառնում, տեսնում՝ ձին էլ չկա։ Գալիս է տուն։ Նորից սկսում են կռվել, մարդը՝ եղ ու բրինձի համար, կնիկը՝ ձիու։

Մինչև օրս էլ էս մարդ ու կնիկը կռվում են դեռ։ Սա նրան է ասում՝ հիմար, նա՝ սրան, իսկ բարեկենդանը լսում է ու ծիծաղում։

Առաջադրանք

  1. Եթե հեքիաթի ամուսիններն իրար հետ շատ սիրով լինեին, դրանից ինչ-որ բան կփոխվե՞ր։

Ամուսինները անգամ եթե իրար հետ շատ սիրով լինեին, և միևնույն է նրանք անխելք էին և նույնն էին անելու։

  1. Ի՞նչ գիտեք Բարեկենդան տոնի մասին, շատ կարճ ներկայացրեք։

Բարեկենդան, Հայաստանյայց Առաքելական Եկեղեցու շարժական տոներից, նշվում է Սուրբ Սարգսի տոնից Մեծ պաս ընկած ժամանակաշրջանը։ Հայերի մեջ Բարեկենդանը ամենասպասված ու ժողովրդական տոներից մեկն էր։ Տոնին պատրաստվում էին ընտանիքի բոլոր անդամները՝ առանց բացառության։ Այդ օրը քահանաներն և ժողովուրդը ճոխ սեղաններ էին գցում, որ պահքին ուրախ սրտով պատրաստվեն։ Մարդիկ օգտագործում էին յուղալի, կաթնային մսից պատրաստված ուտեստներ։ Բարեկենդանի խորհուրդներց է չարի ու բարու պայքարը։ Այն արտահայտվել է հիմնականում ժողովրդական խաղերում, որոնց ժամանակ անարդարները ծաղրի են ենթարկվել, դատվել և պատժվել։

  1. Դուրս գրեք հեքիաթից այն հատվածները, որտեղից երևում է ամուսինների անխելք լինելը։

Կին

— Ա՛խպեր, բարեկենդանը դու հո չե՞ս։

Անցվորականը նկատում է, որ էս կնկա ծալը պակաս է, ասում է՝ հա՛ ասեմ, տեսնեմ ինչ է դուրս գալի։

— Հա՛, ես եմ բարեկենդանը, քույրիկ ջան, ի՞նչ ես ասում։

— Էն եմ ասում, որ մենք քո ծառան հո չե՞նք, որ քո եղն ու բրինձը պահենք։ Ինչ որ պահեցինք, հերիք չէ՞ր․․․ չես ամաչո՞ւմ․․․ Ընչի՞ չես գալի քո ապրանքը տանում․․․  — Դե էլ ինչ ես նեղանում, քույրիկ ջան, ես էլ հենց դրա համար եմ եկել, ձեր տանն էի ման գալիս, չէ՛ի գտնում։

— Դե արի տար։

Ամուսին

— Որ ձին քշեմ, կհասնե՞մ։

— Ո՞րտեղից կհասնես, դու՝ ձիով, նա՝ ոտով։ Մինչև քու ձին չորս ոտը կփոխի՝ մի՜ն, երկո՜ւ, երե՜ք, չո՜րս, նա երկու ոտով մե՛կ-երկո՛ւ, մե՛կ-երկո՛ւ, մե՛կ-երկո՛ւ, շուտ-շուտ կգնա, անց կկենա։

— Բա ի՞նչպես անեմ։

— Ի՞նչպես պետք է անես, ուզում ես՝ ձիդ թող ինձ մոտ, դու էլ նրա պես ոտով վազի, գուցե հասնես։ — Հա՜, էդ լավ ես ասում։

Վեր է գալիս, ձին թողնում սրա մոտ ու ոտով ճանապարհ ընկնում։ Սա հեռանում Է թե չէ՝ բարեկենդանը շալակը բարձում է ձիուն, ճամփեն ծռում, քշում։

  1. Մգեցված նախադասությունները դուրս գրեք և բացատրեք, առանձնացրեք դրանց միջի դարձվածքները։ Մարդիկ օգտագործում էին յուղալի, կաթնային մսից պատրաստված ուտեստներ։ մթերքներ

Անցվորականը նկատում է, որ էս կնկա ծալը պակաս է, ասում է՝ հա՛ ասեմ, տեսնեմ ինչ է դուրս գալի։

ծալը պակաս – խելապակաս

Սրանց եղն ու բրինձը շալակում ու կրունկը դեսն է անում, երեսը՝ դեպի իրենց գյուղը։

կրունկը դեսն է անում, արագորեն հեռանա

երեսը՝ դեպի իրենց գյուղը – շարժվել՝ քայլերն ուղղել դեպի գյուղը

  1. Տեքստից դուրս գրեք հինգ գոյական եզակի թվով, դրանք դարձրեք հոգնակի։

Մարդ – մարդիկ

մշակ – մշակներ

ձեռ – ձեռքեր

փողոց – փողոցներ

տղա – տղաներ

ձի – ձիեր

  1. Տեքստում հանդիպող գործողություն ցույց տվող հետևյալ բառերը դարձրեք գոյականներ՝ ծիծաղել, կռվել, ճանապարհել, վազել, փոփոխել, ամաչել, ծերանալ, փախչել։

ծիծաղել – ծիծաղ

կռվել – կռիվ

ճանապարհել – ճանապարհ

վազել – վազք

փոփոխել – փոփոություն

ծերանալ – ծերություն

փախչել – փախուստ

Leave a Reply

Your email address will not be published. Required fields are marked *

Skip to toolbar